Գենդերազգայուն դատավարությունների վերաբերյալ աշխատարան

  • Post last modified:14 Հունվարի, 2026
2025թ. հոկտեմբերի 27-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն անցկացրեց աշխատարան գենդերազգայուն դատավարությունների վերաբերյալ ։ Իրավունքի կենտրոնը ներկայումս ամփոփում է ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված դատավորների համար։ Ձեռնարկի նպատակն է ներկայացնել գենդերազգայուն դատավարության առանձնահատկությունները՝ ներառելով իրավական և հոգեբանական մոտեցումները, բարելավել ընտանեկան բռնության և այլ վերաբերելի գործերի դատական քննությունը, ինչպես նաև աջակցել դատարաններին՝ ապահովելու արդար դատաքննության իրավունքը բոլորի համար՝ առանց խտրականության, կանխելով կրկնազոհացումը և բարձրացնելով արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Իրավունքի կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանը և ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ներկայացրեց Ակադեմիայի հանձնառությունը ձեռնարկը ընդգրկել ուսումնական ծրագրերում։
Ձեռնարկի հեղինակներ ԻԳԹ, դոցենտ Նարինե Ալեքսանյանը, դատական փորձագետ ու հոգեբան Անի Վարդանյանը, և Վճռաբեկ դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը ներկայացրեցին այն հիմնական թեմաները, խնդիրները և առաջարկվող լուծումները, որոնք ներառվել են Ձեռնարկում։
Քննարկմանը մասնակցում էին դատավորներ, փաստաբաններ, Դատական դեպարտամենտի, Ոստիկանության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Հանդիպումը ամփոփվեց հարց ու պատասխանով։
«Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: