«Վերապատրաստումից մինչև ազդեցություն. Հայաստանի ՀԿ-ների համար այլընտրանքային զեկույցներ ներկայացնելու հմտությունների բարելավում» ծրագրի արդյունքների ամփոփում

  • Post last modified:14 Հունվարի, 2026
2025 թվականի հոկտեմբերի 9-ին ‹‹Իրավունքի կենտրոն›› ՀԿ-ն ամփոփեց «Վերապատրաստումից մինչև ազդեցություն. Հայաստանի ՀԿ-ների համար այլընտրանքային զեկույցներ ներկայացնելու հմտությունների բարելավում» ծրագրի արդյունքները։ Քննարկմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Ծրագրի արդյունքում կազմվել են մի շարք այլընտրանքային զեկույցներ, որոնք ներկայացվել են Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին, Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին, ԵԽ շրջանակներում գործող Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառականության հարցերով ղեկավար կոմիտեին, Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին։ Բացի այդ, Նախարարների կոմիտեին ներկայացվել է ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ գրագրություն՝ Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի (No. 17247/13) ու Խոջոյան և Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի (No. 62161/14)։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև «Իրավունքի կենտրոն ՀԿ-ն տրամադրել է աջակցություն և խորհրդատվություն զեկույցների կազմման ժամանակ։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը, ‹‹Իրավունքի կենտրոն›› ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Տաթևիկ Ղարիբյանը։
‹‹Իրավունքի կենտրոն›› ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը ներկայացրեց ՄԻԵԴ վճիռների վերաբերյալ ներկայացրած գրագրությունը։ Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրագրության արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունել է միջանկյալ որոշումը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանը,  Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը և Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի  իրավաբան Շուշան Խնկոյանը ներկայացրեցին այլընտրանքային զեկույցները։
Քննարկումն ամփոփվեց հարց ու պատասխանով։
Հանդիպումն իրականացվել է Եվրոպական միության  ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի «Վերապատրաստումից մինչև ազդեցություն. Հայաստանի ՀԿ-ների համար այլընտրանքային զեկույցներ ներկայացնելու հմտությունների բարելավում» ենթադրամաշնորհի շրջանակում: