2025 թ․ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Դասընթացից դեպի ազդեցություն․ ՀԿ-ների համար զեկույցների ներկայացման հմտությունների զարգացում» ծրագիրը, որի նպատակն էր ուժեղացնել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ միջազգային մեխանիզմներին մարդու իրավունքների բարձրորակ զեկույցներ պատրաստելու և ներկայացնելու ուղղությամբ, ներառյալ Եվրոպայի խորհուրդը, Համընդհանուր պարբերական դիտարկումը և ՄԱԿ-ի պայմանագրային մարմինները։ Ծրագիրը ներառել է դասընթացներ, մենթորություն և այլընտրանքային զեկույցների ներկայացում մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ։
Այս շրջանակում «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Ջուրեմոնիա» հարթակի անդամների՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ, 2025թ․ մարտի 10-ին՝ Խոշտանգումների դեմ կոմիտեի (CAT) 68-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ներկայացրել է այլընտրանքային զեկույց Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեին։ 2025թ․ ապրիլին ընդունված իր եզրափակիչ դիտարկումներում Կոմիտեն հաշվի է առել այլընտրանքային զեկույցում ներկայացված առաջարկությունների մեծ մասը։
Այլընտրանքային զեկույցը նկարագրվել են մի շարք կառուցվածքային խնդիրներ։ Մասնավորապես՝
Խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի օրենսդրական արգելք
ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածը քրեականացնում է խոշտանգումը, սակայն անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը հստակորեն կարգավորված չէ։ Ազատությունից զրկված անձինք կարող են ենթարկվել անմարդկային վերաբերմունքի, օրինակ՝ անհրաժեշտ դեղորայքի տրամադրման բացակայության դեպքում, նույնիսկ եթե որևէ պաշտոնապես անձի մեղքը բացակայում է։ Նման անգործությունը խախտում է պետության դրական պարտավորությունները։
Հիմնարար իրավական երաշխիքներ
Կալանավորված անձինք հաճախ զրկված են հիմնարար երաշխիքներից՝ կալանքի սկզբնական փուլից սկսած, ներառյալ բժշկի անհապաղ հասանելիությունը և կալանքի մասին ծանուցումը։ Ոստիկանության ժամանակավոր պահման վայրերում բժշկական զննությունը կատարվում է միայն տեսանելի վնասվածքների կամ առողջական գանգատների առկայության դեպքում։ Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման վայրերում զննությունը կատարվում է միայն այն դեպքում, երբ ծառայողները նկատում են հիվանդության կամ մարմնական վնասի նշաններ, սակայն սահմանափակ բժշկական պատրաստվածությունը մտահոգություններ է առաջացնում։ Բժշկական գաղտնիությունը հաճախ խախտվում է, քանի որ զննությունները կատարվում են ծառայողների ներկայությամբ, իսկ անձնական տվյալները գրանցվում են ժամանակավոր պահման վայրերի աշխատակիցների կողմից՝ երբեմն փոփոխված կամ թերի գրառումներով։
Արդյունավետ քննություն
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննությունը շարունակում է մտահոգիչ լինել։ ՀՀ դատախազության տվյալներով՝ 2022թ․ քննվել է 340 գործ (90-ը կարճվել է, 1-ը փոխանցվել է դատարան), իսկ 2023 թ․՝ 507 գործ (106-ը կարճվել է, 5-ը փոխանցվել է դատարան)։ 2021թ․ Հատուկ քննչական ծառայության լուծարումից հետո խոշտանգումների գործերի քննության իրավասությունը սկզբում փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ քաղաքացիական հասարակության ջանքերից հետո՝ 2022թ․ մայիսին Քննչական կոմիտեին։ Սակայն Կոմիտեն չունի անհրաժեշտ ինստիտուցիոնալ անկախությունն ու անաչառությունը՝ արդյունավետ քննություն իրականացնելու համար։
Վերականգնում, ներառյալ փոխհատուցումը և վերականգնողական ծառայությունները
Հայաստանում չկան պետության կողմից ֆինանսավորվող կենտրոններ, որոնք տրամադրում են խոշտանգումների զոհերի համապարփակ վերականգնողական ծառայություններ։ Թեև 2023–2025թթ․-ի Ազգային գործողությունների ծրագիրը նախատեսում է նման կենտրոնների ստեղծում Երևանում և երեք մարզերում, որևէ առաջընթաց դեռ չի արձանագրվել։