2025թ․ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Դասընթացից դեպի ազդեցություն․ հասարակական կազմակերպությունների համար զեկույցների ներկայացման հմտությունների զարգացում» ծրագիրը, որի նպատակն էր ուժեղացնել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ միջազգային մեխանիզմներին մարդու իրավունքների բարձրորակ զեկույցներ պատրաստելու և ներկայացնելու ուղղությամբ, ներառյալ Եվրոպայի խորհուրդը, Համընդհանուր պարբերական դիտարկումը (UPR) և ՄԱԿ-ի պայմանագրային մարմինները։ Ծրագիրը ներառել է դասընթացներ, մենթորություն և այլընտրանքային զեկույցների ներկայացում մարդու իրավունքների տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում։
Այս շրջանակում «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ-ի հետ, Եվրոպական սոցիալական իրավունքների կոմիտեին (ECSR) ներկայացրել է այլընտրանքային զեկույց՝ Եվրոպական սոցիալական խարտիայի շրջանակում Հայաստանի պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ։
Եվրոպական սոցիալական իրավունքների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ իր 2025 թ․ Եզրակացություններում նշել է, որ ի գիտություն է ընդունել «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի և «Հաշմանդամության իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից ներկայացված զեկույցում ներառված տեղեկատվությունը։ Այլընտրանքային զեկույցում ներկայացված առաջարկությունների մեծ մասը արտացոլվել է Կոմիտեի Եզրակացություններում։
«Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ-ն ողջունում են Կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության և առաջարկությունների մանրակրկիտ դիտարկումը։ Մենք գնահատում ենք, որ Կոմիտեն հաշվի է առել բարձրաձայնված մտահոգությունների զգալի մասը և դրանք ներառել իր եզրակացությունում։ Այս ներգրավվածությունը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդման և միջազգային մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանության առաջմղման ուղղությամբ։
Այլընտրանքային զեկույցը ընդգծել է մի շարք կառուցվածքային խնդիրներ, որոնք շարունակում են խոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արդյունավետ իրացմանը, և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։ Այդ խնդիրները, մասնավորապես, ներառում են հետևյալը․
Արդար աշխատանքային պայմանների իրավունք
Հայաստանի օրենսդրական շրջանակը ձևականորեն ճանաչում է հաշմանդամություն ունեցող անձանց ողջամիտ հարմարեցման իրավունքը, ներառյալ ճկուն աշխատանքային պայմանները։ Սակայն այդ երաշխիքները գործնականում մեծապես անարդյունավետ ենվերահսկողության, կիրարկման և աջակցության մեխանիզմների բացակայության պատճառով։
Անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունք
Հայաստանում աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման շրջանակը բավարար չափով չի անդրադառնում աշխատավայրի անմատչելիությամբ պայմանավորված անվտանգության ռիսկերին, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք։ Ֆիզիկական խոչընդոտները՝ անմատչելի շենքերը, սարքավորումները և ենթակառուցվածքները, անհամաչափ վտանգներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող աշխատողների համար, մինչդեռ աշխատանքի անվտանգության տեսչական ստուգումները մատչելիությունը համակարգված կերպով չեն գնահատում՝ որպես անվտանգության վերահսկողության բաղադրիչ։ Հայաստանը չունի աշխատանքի անվտանգության և առողջության ազգային քաղաքականություն, որը կներառի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բաղադրիչը կամ կպահանջի գործատուներից հարմարեցնել անվտանգության ընթացակարգերը հաշմանդամության տարբեր խնդիրներին։
Արդար վարձատրության իրավունք
Հաշմանդամություն ունեցող անձինք աշխատում են հիմնականում ցածր վարձատրվող ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում, և մեծապես բացառված են բարձր վարձատրվող մասնագիտություններից, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները և ֆինանսները, նույնիսկ բարձրագույն կրթություն ունենալու դեպքում։ Չնայած հաշմանդամության գործոնով պայմանավորված աշխատավարձերի տարանջատված տվյալների բացակայությանը, առկա տվյալները ցույց են տալիս համակարգային կենտրոնացում դեպի ցածր վարձատրվող աշխատանք, ինչը հանգեցնում է անհավասար վարձատրության։ Այս իրավիճակով պայմանավորվածՀայաստանը չի կատարում Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 4-րդ հոդվածով և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 27-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունները։
Միավորման և կոլեկտիվ բանակցությունների իրավունք
Թեև ՀՀ օրենսդրությունը ձևականորեն երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ արհմիություններին անդամակցելու և կոլեկտիվ բանակցություններին մասնակցելու իրավունքը, գործնականում այդ իրավունքները մեծապես անհասանելի են։ Արհմիությունները գործում են սահմանափակ կարողություններով և չունեն մեխանիզմներ՝ հաշմանդամության ներառականությունը ապահովելու համար, իսկ հանդիպումները և տեղեկատվությունը հաճախ մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Աշխատանքի և զբաղվածության ոլորտում հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունք՝ առանց սեռային խտրականության
Թեև Զբաղվածության ռազմավարությունը 2025–2031թթ․ համար նշում է խոցելի խմբերի ցանկը, այն չի ներառում հաշմանդամություն ունեցող կանանց։ Աշխատաշուկայի տվյալները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող կանայք ամենաշատ բացառված խումբն են․ նրանցից միայն 21.6%-ն է ընդգրկված աշխատուժի ցուցանիշներում, իսկ զբաղվածություն ունի 18%-ը, ինչը զգալիորեն ցածր է հաշմանդամություն ունեցող տղամարդկանց և հաշմանդամություն չունեցող կանանց ցուցանիշներից։