«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով գերմանական Palimpsest Projektbüro կազմակերպության հետ, իրականացնում է «Արվեստ, շահերի պաշտպանություն և Ստամբուլյան կոնվենցիա» միջազգային երկամյա ծրագիրը (2025–2026 թթ.)։ Ծրագիրը նպատակ ունի արվեստի և մշակույթի միջոցով բարձրացնել Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) վերաբերյալ իրազեկվածությունը և խթանել դրա վավերացումը Հայաստանում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
2011 թվականից սկսած Եվրոպայի Խորհրդի 46 անդամ պետությունները ստորագրել ու վավերացրել են Կոնվենցիան։ Հայաստանը ստորագրել է Կոնվենցիան 2018թ. հունվարի 18-ին, սակայն մինչ օրս չի վավերացրել այն։ Կոնվենցիան սահմանում է հստակ սկզբունքներ բռնության կանխարգելման, զոհի իրավունքների պաշտպանության, մեղավորների բացահայտման ու համակարգված քաղաքականությունների մշակման վերաբերյալ։
Արվեստի, շահերի պաշտպանության ու երկխոսության միջոցով այս ծրագիրը նպատակ ունի հանրային դաշտ բերել նշված սկզբունքները՝ հզորացնելով կանանց և աղջիկների պաշտպանությունը և ներշնչելով այնպիսի տեսլական հասարակության համար, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատիվ, անվտանգ և հավասար հնարավորություններով։
Միջազգային երկամյա այս նախաձեռնությունը Հայաստանից և արտասահմանից անհատ արվեստագետներին և/կամ արվեստագետների խմբերին կտրամադրի հարթակ ներկայացնելու բնօրինակ արվեստի գործեր, որոնք անդրադառնում են Կոնվենցիայի թեմաներին՝ արտացոլելով կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելումը ու դրա դեմ պայքարը։