«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն վեց հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հաղորդում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ բարձրացնելով լուրջ մտահոգություններ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Մակուչյան և Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով պարտադիր ուժ ունեցող վճռի շարունակական չկատարման վերաբերյալ։
Հաղորդման մեջ կոչ է արվել ձեռնարկել հրատապ և վճռական միջոցներ, ներառյալ՝ միջանկյալ բանաձևի ընդունումը և արձագանքել Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների միտումնավոր և շարունակական չկատարումը։
2020 թվականի մայիսի 26-ի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, որով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (Կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածը (Խտրականության արգելք)՝ 2-րդ հոդվածի հետ համակցությամբ։
Գործը վերաբերում էր 2004 թվականին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման Գուրգեն Մարգարյանի սպանության համար, սակայն 2012թ․-ին տեղափոխվել էր Ադրբեջան՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Պատժի կատարումն ապահովելու փոխարեն՝ Ադրբեջանի իշխանությունները նրան անմիջապես ներում են շնորհել և ազատ արձակել, առաջխաղացրել ծառայության մեջ, ինչպես նաև տրամադրել ֆինանսական և բնակարանային արտոնություններ։
Դատարանը եզրակացրել է, որ այս գործողությունները վկայում են ռասայական խտրականության մասին և փոխանցում են անպատժելիության ուղերձ՝ ատելությամբ պայմանավորված բռնության դեպքերի առնչությամբ։ Վճիռը վերջնական է դարձել 2020թ․հոկտեմբերի 12-ին և շարունակում է գտնվել ուժեղացված վերահսկողության ներքո։
Իրավունքի կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունել է միջանկյալ բանաձև։
Կոմիտեն խորապես ցավով արձանագրել է, որ չնայած ադրբեջանցի զինծառայողի դատապարտմանը առանձնապես դաժան, կանխամտածված սպանության համար, որը պայմանավորված էր բացառապես զոհի հայկական ազգային պատկանելությամբ, և Մակուչյան և Մինասյան գործով վերջնական վճռից չորս տարի անց, Ադրբեջանի իշխանությունները չեն ցուցաբերել շոշափելի առաջընթաց պահանջվող անհատական միջոցների իրականացման հարցում։ Կոմիտեն կոչ է արել անհապաղ կատարել սահմանված ծախսերի փոխհատուցումը, ապահովել, որ նա այլևս որևէ պետական պաշտոն չզբաղեցնի, ինչպես նաև հստակեցնել նրան տրամադրված լրացուցիչ արտոնությունների իրավական հիմքը։