2024 թվականի փետրվարի 7-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն կազմակերպեց կլոր-սեղան քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարմանը։ Քննարկմանը մասնակցեցին Հայաստանում գործող մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումը մեկնարկեց մասնակիցների գրանցմամբ և ողջույնի խոսքով, որը ներկայացրեց Իրավունքի կենտրոնի ծրագրերի տնօրեն Տաթևիկ Ղարիբյանը։ Առցանց ձևաչափով քննարկմանը միացան ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության իրավաբան Նիկիտա Կոլոմեյցը և նույն վարչության ներկայացուցիչ Տատիանա Կոժոկարուն։ Նրանք քննարկման առաջին հատվածում ներկայացրեցին վարչության դերը և նախարարների կոմիտեի ընթացակարգերը ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկման գործընթացում։ Նիստի ավարտին անցկացվեց հարց ու պատասխան՝ մասնակիցներին հնարավորություն տալով ուղղակիորեն ներգրավվել քննարկմանը։ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի դատական ակտերի կատարման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը և նույն բաժնի պետի տեղակալ Աննա Շահնազարյանը ներկայացրին գրասենյակի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Քննարկման վերջում Իրավունքի կենտրոնի նախագահ Աննա Մարալյանը ներկայացրեց Նախարարների կոմիտեին հաղորդակցություններ ներկայացնելու կարգի 9-րդ կանոնի (Rule 9) շրջանակներում հաղորդակցությունների կազմման և ներկայացման առանձնահատկությունները։
Կլոր-սեղան քննարկումը նպաստեց մասնակիցների՝ ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և ապահովեց գործնական գիտելիքների փոխանցում Նախարարների կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար՝ դառնալով արժեքավոր հարթակ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ոլորտի մասնագետների համար։

