2025թ-ի մարտի 27-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց «Հոգեբուժական հաստատություններում
անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցների վերաբերյալ» քննարկում։ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն «Անանուն
ազդարարումը հոգեբուժական հաստատություններում» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Սիդայի և
Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, մշակել է առաջարկություններ և իրավական ակտերի
նախագիծ անանուն հաղորդումներ ներկայացնելու վերաբերյալ:
Քննարկման ընթացքում բացման խոսքով ելույթ ունեցան ԵՀՀ-ի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը և
«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը։ Կենտրոնի փորձագետներ Նարինե Սոլոմոնյանը և Իզաբել
Աբգարյանը ներկայացրեցին իրավական նախագծերը։
Քննարկմանը մասնակցում էին Առողջապահության և Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների
պաշտպանի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, Հոգեկան առողջության պահպանման
ազգային կենտրոնի, Եվրասիա միջազգային համալսարանի, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ, փաստաբաններ։
Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025թ․-ի գործողությունների ծրագրի
2.3-րդ գործողությամբ նախատեսվում է ընդունել հոգեբուժական հաստատություններում անանուն հաղորդումների
ներկայացման իրավական հիմքեր ու ընթացակարգեր։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձանց
բռնությունից՝ ուժեղացնելով ազդարարների պաշտպանությունը և բարելավելով ինստիտուցիոնալ
հաշվետվողականությունը:





