Հոգեբուժական հաստատություններում անանուն հաղորդումների վերաբերյալ օրենսդրական նախագծերի ներկայացում

  • Post last modified:14 Հունվարի, 2026
2025թ-ի մարտի 27-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց «Հոգեբուժական հաստատություններում անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցների վերաբերյալ» քննարկում։ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն «Անանուն ազդարարումը հոգեբուժական հաստատություններում» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Սիդայի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, մշակել է առաջարկություններ և իրավական ակտերի նախագիծ անանուն հաղորդումներ ներկայացնելու վերաբերյալ: Քննարկման ընթացքում բացման խոսքով ելույթ ունեցան ԵՀՀ-ի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը և «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը։ Կենտրոնի փորձագետներ Նարինե Սոլոմոնյանը և Իզաբել Աբգարյանը ներկայացրեցին իրավական նախագծերը։ Քննարկմանը մասնակցում էին Առողջապահության և Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Եվրասիա միջազգային համալսարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ։ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025թ․-ի գործողությունների ծրագրի 2.3-րդ գործողությամբ նախատեսվում է ընդունել հոգեբուժական հաստատություններում անանուն հաղորդումների ներկայացման իրավական հիմքեր ու ընթացակարգեր։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձանց բռնությունից՝ ուժեղացնելով ազդարարների պաշտպանությունը և բարելավելով ինստիտուցիոնալ հաշվետվողականությունը: