2025թ․-ի հուլիսից հոկտեմբեր ամիսներին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց «Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել Հայաստանում գենդերային բռնության (ԳԲ) և ընտանեկան բռնության (ԸԲ) վերաբերյալ դատական արձագանքը՝ խթանելով դատավորների իրազեկվածությունը գենդերային զգայունության, համապատասխան իրավական կարգավորումների և զոհակենտրոն մոտեցումների վերաբերյալ։
Դատական պրակտիկայում ընտանեկան բռնության գործերի քննությունը հաճախ ընթանում է գենդերազգայուն մոտեցումների պակասով, ինչը հանգեցնում է գենդերային կարծրատիպերի վերարտադրման, վնասի և ռիսկերի թերագնահատման, ինչպես նաև գործընթացների, որոնք չեն անդրադառնում տուժողի կարիքներին։ Քաղաքացիական հասարակության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ են դատավորների հատուկ վերապատրաստումներ։
Սույն ձեռնարկը նպատակ ունի ներկայացնել գենդերազգայուն դատավարության հիմնական սկզբունքներն ու գործիքները՝ համադրելով իրավական և հոգեբանական մոտեցումները, բարձրացնելու դատական քննության որակը ընտանեկան բռնության գործերով, կանխելու կրկնազոհացումը և ամրապնդելու հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։
Ձեռնարկը հասանելի է հայերենով՝ հետևյալ հղումով՝ Գենդերազգայուն դատավարություններ
«Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ — ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: