2025թ․ սեպտեմբերի 5-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց դատավորների կողմից գենդերազգայուն դատավարությունների անցկացման վերաբերյալ քննարկում։ Իրավունքի կենտրոնը Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար կազմում է ուսումնական ձեռնարկ քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունների ընթացքում առաջացող գենդերազգայուն հարցերի հասցեագրման նպատակով։ Հանդիպման նպատակն էր բազմամասնագիտական քննարկման արդյունքում վերհանել այն խնդիրներն ու առաջարկությունները, որոնք անհրաժեշտ է ներառել ձեռնարկում՝ այն առավել ամբողջական և կիրառական դարձնելու համար։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիրներ Աննա Մարալյանը, Տաթևիկ Ղարիբյանը ու ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Մխիթարյանը։ Ձեռնարկի հեղինակներ Վճռաբեկ դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, իրավաբան Նարինե Ալեքսանյանը, դատական փորձագետ և հոգեբան Անի Վարդանյանը, միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մարալյանը ներկայացրեցին այն թեմաները, որոնք նախատեսվում է ընդգրկել ձեռնարկում։
Տեղի ունեցավ բազմաբովանդակ քննարկում, որին մասնակցեցին դատավորներ, փաստաբաններ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ։ Ներկայացվեցին իրավակիրառ պրակտիկայում ընտանեկան բռնության գործերով քննության ընթացքում առաջացող խնդիրները, մոտեցումները, ինչպես նաև առաջարկություններ։
«Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:


















